Ով էս դու Գրաֆիկ Դիզայն

Գրաֆիկ դիզայնը, ինչպես նաև  դիզայնի մի քանի այլ ճյուղեր, օրինակ, UI/UX կամ Web, բավական պահանջարկված են աշխատաշուկայում։ Դա իրականում զարմանալի չէ՝ հաշվի առնելով՝ ինչ աստիճանի է հասել անհատի կողմից վիզուալ պատկերի սպառումը։ Առօրյա կյանքում վիզուալ ասոցիացիաների հետ խաղը ու վիզուալ սպառումը օգտագործվում են ամենուր, և շատ դեպքերում նոր բրենդի, հաստատության կամ խանութի կայացման համար առաջնային է լավ մշակված վիզուալ պատմությունը, քան թե որակը։ Վերջին ուսումնասիրությունների համաձայն, նոր ապրանք, բրենդ կամ նմանատիպ բան ընտրելիս մարդկանց 73%-ը նայում է ապրանքի դիզայնի և կազմակերպության լոգոյին։ Դրանցից մեկնումեկի ցածր որակը բացասական կազդի բրենդի կայացման ու հաճախորդների շրջանում վստահություն ձեռք բերելու հարցում։ Հոդվածում կխոսեմ այսօրվա աշխատաշուկայի ամենապահանջված մասնագիտություններից մեկի՝ գրաֆիկ դիզայնի մասին։ 

Շատ չխորանալով պատմության էջերի մեջ՝ շատ հակիրճ կներկայացնեմ գրաֆիկ դիզայնի ձևավորման ու զարգացման պատմությունը։ Հաճախ շփոթմունք է առաջանում գրաֆիկա և գրաֆիկ դիզայն մասնագիտությունների միջև։

Գրաֆիկան և Գրաֆիկ դիզայնը երկար ժամանակ եղել են անքակտելի։ Բաժանումը սկսում է տպագրության և պլակատային արվեստի զարգացման հետ մեկտեղ՝ իր ավարտին հասնելով 1922թ.-ին։ Այսպիսով, գրաֆիկան իր վրա է վերցնում գրքերի ձևավորումը, իսկ Գրաֆիկ դիզայնը՝ պլակատները, գովազդային հայտարարությունները։ Բայց իհարկե այս բաժանումը շատ կոպիտ ու պարզեցված է։ 

Այնպիսին, ինչպիսին այդ մասնագիտությունը մենք ճանաչում ենք այսօր, այն սկսել է ձևավորվել միայն 1950-ականներին՝ անցնելով տարբեր փոխարկումների միջով մինչ մեր օրեր։

ժվար է գտնել ոլորտ, որտեղ նմանատիպ մասնագետ պետք չի։ Գրաֆիկ դիզայնը, ինչպես նաև UI/UX և Web դիզայնը, իրենց IT ոլորտի հետ կապվածության պատճառով ամենապահանջվածներից են աշխատաշուկայում։ Սա իր հերթին հանգեցնում է նրան, որ մարդիկ նոր մասնագիտություն ընտրելիս (եթե ոչ բուն ծրագրավորում), կանգնում են դիզայնի այս 3 ճյուղերից մեկի վրա։Համաձայն եմ՝ տեխնիկական առումով այն հեշտ է սովորել։ Մի քանի ամսում կարող ես ուսումնական կենտրոններից մեկում ստանալ մասնագետի սերտիֆիկատ՝ այդ ընթացքում սերտելով տարբեր ծրագրեր ու լոգո պատրաստելու հիմունքները։ Բայց թղթիկը չի նշանակում գիտելիքներ և հմտություններ՝ համապատասխան աշխատանքի պահանջին։ Առաջին հերթին դիզայնը ինքը սերտորեն կապված է էսթետիկ գիտակցության և վիզուալ մշակույթի ընկալման հետ։ Առաջինը մի քանի ամսում դաստիարակվող բան չէ, իսկ երկրորդը ներկայիս վիզուալ մշակույթի տեղատարափի մեջ շատ դժվար է շտկել։ Բացի այդ, դիզայնը կոմպլեքսային մասանգիտություն է, որ առաջին հերթին պահանջում է սպառողի, գործատուի վարքագծի ուսումնասիրություն թե բիզնեսի և մարկետինգի տեսանկյունից, թե հոգեբանության։

Կարդալով հոդվածը՝ տպավորություն կստեղծվի, թե ես կարծում եմ, որ անպայման պետք է ստանալ նկարչական կրթություն կամ այս մասնագիտությամբ ԲՈՒՀ ավարտել։ Չէ։ Իրականում նմանատիպ զոհողություններ պետք չեն։ Նկարչական կրթությունը պետք է առաջին հերթին էսթետիկ գիտակցության և վիզուալ մշակույթի ընկալման զարգացման և շտկման համար (չնայած դա էլ վերջնական լուծում չէ)։ 

  • Առաջին հերթին խորհուրդ է տրվում շատ նայել նկարներ, կինոներ և տեսահոլովակներ։ Սոցիալական գովազդները նույնպես շատ հետաքրիր են այդ առումով։ Շատ լսել տարբեր ժանրերի և ոճերի երաժշտություն։
  • Հույսներդ մի դրեք ձեր ճաշակի վրա։ Ճաշակը շատ սուբյեկտիվ երևույթ է, մի բան կարող է ձեզ դուր գալ, իսկ մյուսին՝ ոչ։
  • Մի սահմանափակվեք մասնագիտության միայն տեխնիկական մասի ուսումնասիրությամբ։ Անպայման ուսումնասիրեք հոգեբանության և մարկետինգի հիմունքներ։
  • Էքսպերիմենտները լավ բան են։ Փորձեք տարբեր, շատ տարբեր ոճեր ու համադրություններ՝ աշխատելով դրանք համապատասխանեցնել շուկայի պահանջարկին։ 

Ինչպես ցանկացած մասնագիտություն, գրաֆիկ դիզայնը պահանջում է լիքը ժամանակ և էներգիա վարպետանալու համար։

Comments(0)

Leave a Comment